Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Չեխիա. արդյունավետ աշխատող ու վայելող երկիր

Չեխիա. արդյունավետ աշխատող ու վայելող երկիր
19.01.2016 | 02:10

Լրագրությամբ զբաղվողիս համար փաստերին նախապատվություն տալը մեկ նպատակ է հետապնդում. որևէ նմանություն գտնել հայաստանաբնակներիս մոտ տարածվող այլևայլ մոտեցումների հանդեպ, այդ կերպ փորձել բացատրել մեր և այլոց թույլ ու հզոր կողմերը: Այսօրինակ մտորումների պահին էլ հայտնվեցի Ավստրիայից Չեխիա սահմանակետում, որը, պարզվեց, որևէ կապ չունի մեր պատկերացմամբ այդ ծառայողական մարմնի հետ: Ավտոմեքենան ինչպես սլանում էր 100 կմ/ժամ արագությամբ, այդպես էլ անցավ սահմանը, և հայտնվեցինք Եվրոպայի կենտրոնում գտնվող այդ երկրում: Հիմա խոստացված նմանությունը ՀՀ-ի հետ. այն թե՛ Ադրիատիկ, թե՛ Բալթիկ ծովերից 600-700 կմ հեռավորության վրա է, ինչպես Հայաստանը սևծովյան նավահանգիստներից: Գրեթե նույնն է հեռավորությունը Աֆրիկա մայր ցամաքից, միայն, չգիտես ինչու, հազարավոր կիլոմետրեր հեռուներից Չեխիա հասցված բանանի կիլոգրամն այստեղ վաճառվում է 25 կրոնով, ինչը 1 դոլար է, մեր էլ 500 դրամը, երբ Հայաստանում այն, մեղմ ասենք, տարօրինակ գին ունի: Բայց այս մասին հետո:
Հայերիս հետաքրքրող շատ բան կա Չեխիայում, որոնց մի մասին կարելի է ծանոթանալ հենց մեքենայի մեջ գտնվելու պահին: Նախ՝ ավտոմեքենաների վիճակն ու վարորդների պահվածքը: Անգամ 12-14 մետր երկարությամբ բեռնատարներն այնքան մաքուր են, կարծես ժամեր առաջ են ավտոգործարանից դուրս բերվել, դրանք հագեցած են երթևեկության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով: Երբևէ չես հանդիպի մաշված անվադողերով շահագործվող ավտոմեքենաների, քանզի դրանք կարգավորվում են անգամ սեզոնային առումներով: Նույնն է մարդատար ավտոմեքենաների պարագայում, որտեղ ամրագոտիների օգտագործումը պարտադիր է նաև երկրորդ շարքում նստածների համար: Մեքենաներում տեղադրված որևէ սարքի չաշխատելու պարագայում մեքենայատերը հարկադրված է այն սպասարկող կազմակերպությանը ներկայացնել և խնդիրը լուծել: Այս առումով զավեշտալի են մերոնց այն պնդումները, թե ասենք վթարված ավտոմեքենան տեխնիկական զննում անցել է օրեր առաջ, ինչ է թե դժբախտ պատահարի այլ արդարացում փնտրվի: Մինչդեռ ուղևորներս հաստատ գիտենք, որ մեր հազարավոր երթուղայիններում աշխատող մասերն ընդամենը մաշված անիվներն են ու մի կերպ պտտվող ղեկը: Վարորդը ո՛չ ամրագոտին ամրացնելու սարքն ունի, ո՛չ արագաչափն է գործում, ո՛չ մյուս ցուցիչները, որոնք մասսայաբար անտեսում են ինչպես շահագործողները, այնպես էլ վերահսկողները։ Չեխիայի ավտոճանապարհներին զուգահեռ տեղադրված ցուցանակների մեջ նկատեցի «տՏջՏՐ» բառը։ Մի պահ թվաց՝ այն կարգախախտ վարորդներին է ուղղված, այնինչ պարզվեց, որ «ՈՒշադրություն» է նշանակում: Ի դեպ, երկրի 1000 բնակչի հաշվով ավտոմեքենաները 550-ն են։
Մի առանձին թեմա է ավտոմեքենաների երթևեկը քաղաքներում, մասնավորապես՝ Պրահայում: Քաղաքի հիմնականում սալահատակ ու նախշապատ կենտրոնում հիմնականում 4-6 հարկերից բաղկացած շինություններ են, որոնք նորօրյա Չեխիայի պայմաններում առավել հաճախ են հյուրանոցների ու ռեստորանների, առևտրի ու ժամանցի վայրերի վերածվում, զբոսաշրջիկների գրավում: Վերջիններս յուրաքանչյուր տարի Չեխիայում մինչև 10 մլրդ դոլար են ծախսում, երբ ծառայությունների ու սպասարկումների գները շատ դեպքերում զիջում են հայաստանյանին: Փողոցներում ավտոմեքենա կայանելը լրջագույն խնդիր է, գործում են տարբեր նախապայմաններ։ Տարածքում ապրողներին ու աշխատողներին արտոնություններ սահմանվում են կապույտ գծանշումների միջոցով, այլ պայմաններ են դեղին ու նարնջագույն գծանշումների դեպքում: Եռօրյա այցի ընթացքում գեթ մեկ դեպք չարձանագրեցի, երբ վարորդն օգտվեր ձայնային ազդանշանից, երբ մերոնց մոտ դրանք ուղեկցվում են միմյանց հանդեպ վարորդների անպարկեշտ արտահայտություններով, ինչն անհարգալից է նաև հենց ուղևորների նկատմամբ: Սրանք ոչ այնքան մանրուքներ են, որքան առանց այն էլ չկանոնակարգված մեր առօրյան խեղող երևույթներ, որոնք, նվազելու փոխարեն, գնալով նոր անցանկալի դրսևորումներ են ստանում: Եվ հանկարծ, չգիտես ինչ նպատակով, հիշում ենք, որ այս ու այն հարցերում առաջինն ենք ու հիմնադիրը, երբ անգամ ավտոմեքենա վարելու ու կայանելու հարցում ենք, մեղմ ասած, անխոհեմ: Նման պահվածքն արդարացվում է այն բացատրությամբ, թե Հայաստանում ի՞նչն է կանոնակարգված, որ մեզնից յուրաքանչյուրը կարգ ու կանոնով առաջնորդվի, չնկատելով, որ պարզ ու հասարակ գործողություններով մենք ամբարտավան պաշտոնյային ու լպիրշ օլիգարխին չէ, որ վնասում ենք, այլ հիմնականում շարքայիններիցս որևէ մեկին: Չեխիայում գտնվելու օրերին Երևանում առատ ձյուն եկավ, այն բազում խոչընդոտներ ստեղծեց մարդկանց համար: Ձյուն տեղաց նաև Կենտրոնական Եվրոպայում, որտեղ բնակիչներն ու այլևայլ սեփականատերերը պարտավոր են մաքրել իրենց տարածքներին կից մայթերի ձյան շերտը, ապահովել մարդկանց անվտանգ երթևեկը: Ակամա մտածում եմ՝ տեսնես ոտքը կոտրած բարձրաստիճան հայ պաշտոնյան որևէ դժգոհություն հայտնե՞ց իր հետ կատարվածի առիթով:
Չեխիայի հողային տարածքը 77 հազար քառակուսի կիլոմետր է, ջրայինը՝ 2 հազար քառակուսի կմ: Գյուղատնտեսական նշանակության է տարածքի 55 տոկոսը, վարելահողերը՝ 40 տոկոս: 1 բնակչի հաշվով ստացվում է 3300 քառակուսի մետր վարելահող, ինչը եվրոպական մի շարք երկրների պարագայում 3-4-ապատիկն է, ՀՀ-ի դեպքում՝ կրկնակին: Տարօրինակն այն է, որ այդ հսկայական տարածքներում գյուղատնտեսական գործունեություն իրականացնում է բնակչության հազիվ 2,5 տոկոսը, մոտ 250 հազար մարդ, ՀՀ-ի 1,2 մլն-ի պարագայում: Հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը յուրաքանչյուր տարի կազմում է 7-8 մլն տոննա, հիմնականում՝ ցորեն, 2015-ին՝ 5,4 մլն տոննա, որի մոտ կեսն արտահանվում է: Եգիպտացորենի մշակման առումով նպաստավոր է երկրի միայն հարավային հատվածը, որի մոտ 100 հազար հա ցանքատարածություններից հավաքվում է 1 մլն տոննային մոտ եգիպտացորենի հատիկ: Բայց հայաստանցիներիս պես խաշել-ուտել-վայելելու նպատակով չէ, որ այն մշակվում է: Հացահատիկային մշակաբույսերի այդ ահռելի քանակն առաջնահերթն օգտագործվում է լիարժեք անասնակերի անհրաժեշտ ծավալներ ապահովելու նպատակով, ուր գլխավորը ոչ թե անասնագլխաքանակն է, այլ կենդանիների բարձր մթերատվությունը: Երկրում պահվող 1,3 մլն խոշոր եղջերավորից 550 հազարը կովեր են, ՀՀ-ում 700 հազարից՝ 340 հազարը, միջին կաթնատվությունը, համապատասխանաբար, 10 և 2 տոննա: Բարձր մթերատվության շնորհիվ երկիրը ոչ միայն լիովին ապահովում է իրեն կաթնամթերքով, այլև յուրաքանչյուր տարի մինչև 1,5 մլն տոննա կաթնամթերք արտահանում, երբ հայ հանրությունն այդպես էլ չի կարողանում պարզել, թե որ երկրից ներմուծված կաթի փոշուց է պատրաստվում ՀՀ առևտրային ցանցում վաճառվող կաթնամթերքի զգալի մասը: Եթե վստահենք ՀՀ վիճակագրությանը, տարեկան 600-700 հազար տոննա կաթը հազիվ պետք է բավարարի երկրի պանրարտադրությանը: Բայց չէ՞ որ կաթի այդ ծավալից սեփական արտադրություն և իրացում են իրականացնում անասնապահները, սեփական կարիքների նպատակով կենդանական յուղ ստանալու և կաթնամթերքը քաղաքներում վաճառելու միջոցով: Մեղմ ասած՝ անհասկանալի պատկեր է ստացվում, երբ գյուղոլորտում աննախադեպ աճը որևէ ձևով չի նվազեցնում ՀՀ գյուղմթերքների բարձր գները: Թերևս տարակուսեք, կարդալով հետագա նշումս: Միկուլով բնակավայրի սուպերմարկետում հավի ձվի 1 հատի գինը սկսվում էր 8 եվրոցենտից, որը մեր 42 դրամն է: Ձվի չափը, փոքր, միջին թե մեծ, նշել չեմ կարող, միայն փաստեմ, որ այն վաճառվում է եվրոպական երկրում, ասել է թե` գնորդի շահերը լավագույնս պաշտպանված են: Հայաստանաբնակներիս տվեք այդ գնի հավկիթ, և հայ սպառողը երախտապարտ կլինի հայ թռչնապահներին ու առևտրային ցանցի կազմակերպիչներին: Այն պատճառաբանությունը, թե ոլորտի զարգացմանը նպաստող հիմնական միջոցները ներմուծվող են, ոչ մի արդարացում չունի, քանզի այդ դրսինները որևէ ձևով չեն առանձնանում հայերիս կարողունակությունից, աշխատելու մեր ցանկությունից ու հաստատակամությունից: Ապացույցներից մեկը ոչ վաղ անցյալում հայաստանցի, հիմա չեխ գործարարի հիմնած մեղրով տորթերի արտադրությունն է, որն արդեն համաեվրոպական ծավալներ է ընդգրկում: Փոխարենը մենք միայն խոսում ենք մեղրի մասին, որի յուրաքանչյուր տարի աճող գները հանրության հիմնական մասի համար այն սպառելու խոչընդոտ են:
Նույն պատկերն է մարդու սննդակարգի հիմնական մաս հանդիսացող միս-մսամթերքների առումով: Չեխ անասնապահները վերջին տարիներին գերազանցում են 300 հազար տոննա խոզի և 200 հազար տոննա հավի մսի արտադրությունը, երբ ՀՀ-ում ցուցանիշները հազիվ 8-հազարական տոննա են: Ընթերցողին չվրդովելու նպատակով դրանց գներին չեմ անդրադառնա, միայն նշեմ, որ բոլոր տեսակի մսամթերքները սննդակարգի ամենօրյա բաղկացուցիչներ են, երբ հայաստանցիներիս սննդակարգը պարզ է ու հասարակ: ՀՀ գյուղնախարարը մի առիթով տողերիս հեղինակին պատասխանել էր, որ առաջիկա տարիներին ՀՀ-ում խոզի մսի արտադրությունը 50-80 հազար տոննայի հասցնելուն խոչընդոտում է խոզամայրերի անհրաժեշտ գլխաքանակի բացակայությունը: Բարի եղեք Ավստրիայից գնվող խոշոր եղջերավորների կողքին Չեխիայից էլ խոզամայրեր գնել, քանզի գերարտադրությունից խուսափելու նպատակով Չեխիայում նվազեցնում են գլխաքանակը: Բայց ինչո՞վ եք կերակրելու այդ կենդանիներին, երբ ՀՀ գյուղնախարարությունում անասնակեր ասելիս միայն չոր խոտն են պատկերացնում, անասնագլխաքանակ ասելիս էլ՝ ոչխարը, որը հաստատակամորեն որոշում են 1,5 միլիոնի հասցնել, ոչ մի կերպ չի ստացվում, իսկ Չեխիայում այն ընդամենը 200 հազար է: 2015-ին ՀՀ-ում նախատեսված էր 10 մլն հավ ունենալ, որի անգամ կեսը չկա, այդ պատճառով էլ տեղական հավի միսը կրկնակի թանկ է վաճառվում, կիլոգրամը՝ 1500 դրամի սահմաններում, երբ ներմուծվածը դրա կես գինն արժե: Դե եկ ու հասկացիր, թե տնտեսավարման ինչ սկզբունքներ են գործում ՀՀ-ում, ում շահերն են դրանք սպասարկում: Չէ՞ որ 5-6 հազար տոննա հավի մսի տեղական արտադրության կողքին ունենք 30-35 հազար տոննա ներմուծում: Ահռելի ծավալների են հասնում այլ մսատեսակների ներկրումները, ՀՀ-ում արտադրվող ողջ երշիկեղենն ու մսամթերքներն էլ արտերկրների հումքից են պատրաստվում: Զավեշտ է, երբ անասնագլխաքանակի անհրաժեշտ աճի փոխարեն կառուցվող սպանդանոցներն են աճում, երբ արդեն շահագործվածներն են անգործության մատնված: Նույն ճակատագրին է արժանանում կաշվեհումքի վերամշակման երբեմնի հզոր երևանյան արտադրությունը, որը կարող է անասնագլխաքանակի անհրաժեշտ սպանդի պարագայում բավարար հումք մատակարարել հագուստի, կահույքի, մարզագույքի տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահովող ոլորտներին:
Արդյունքում ունենք Հայաստանի Հանրապետություն, որի 3 մլն բնակչության ստեղծած համախառն ներքին արդյունքը հազիվ 10 մլրդ դոլար է կազմում, երբ Չեխիայի 10,5 մլն բնակչության ստեղծածը մոտենում է 350 մլրդ դոլարի, ինչից էլ գոյանում է 90 մլրդ դոլար կազմող բյուջեն, ՀՀ-ի 2,5 մլրդ-ի պարագայում: Մեղմ ասած, բնակչությունը մոտ քառապատիկն է, բյուջեն՝ քառասնապատիկը: Չեխիայի գյուղոլորտում, ինչպես նշեցինք, ընդգրկված է բնակչության 2,5 տոկոսը, արտադրությունում՝ 37,5 տոկոսը, ծառայություններում՝ 60 տոկոսը, ՀՀ-ում՝ համապատասխանաբար 39, 17 և 44 տոկոսը: Երկիրը ՀՀ-ի պես ոչ նավթ ունի, ոչ գազ, ոչ էլ հարուստ ընդերք, ինչը փոխարինում է կենցաղային աղբը վերամշակելով ու այն հումք դարձնելով, երբմնի համեստ ավտոմոբիլաշինությունը զարգացնելով, երբ ՀՀ-ի համար գերխնդիր է պարզ ու հասարակ էլեկտրալամպերի գործարանի վերաշահագործումը, հեծանիվների արտադրության, առավել ևս՝ ավտոգործարանը աշխատեցնելու մասին էլ ավելի լավ է չխոսենք:
Չեխերն իրենց ծրագրերն իրականություն են դարձնում, երբ մեզանում արմատավորվել է խոստումներն անկատար թողնելու աշխատաոճը: Թե երբ կգա սթափվելու պահը, պարզ չէ, այնպես որ բարին մաղթենք մեր հայրենակիցներին սիրով հյուրընկալած, արդյունավետ աշխատող ու դրա արդյունքը վայելող չեխերին:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Պրահա

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ